Ամերիկացի նուդիստները սադրիչ ակցիա են կազմակերպել Սան Ֆրանցիսկոյում հասարակական վայրերում մերկ հայտնվելու արգելքի քննարկման ժամանակ: Վեց ակտիվիստներ քննարկման դահլիճում հանել են իրենց հագուստը, բացականչելով՝ «Ազատություն մարմնին» եւ «Ամոթ»:

Շենքի անվտանգության աշխատակիցներին զգուշացրել էին այդ ակցիայի մասին, ուստի ցուցարարներին արագ «վնասազերծել են»՝ նրանց մերկ մարմինները ծածկոցներով ծածկելով եւ դահլիճից դուրս բերելով:

Սան Ֆրանցիսկոյում, որը ժամանակին հայտնի էր իր անսահման հանդուրժողականությամբ, պատրաստվում են արգելել մարդկանց մերկ վիճակում հայտնվել հասարակական վայրերում: Ըստ այդմ, նուդիստները կարող են մերկ շրջել միայն մասնավոր ծովափերում, գրում է Reuters-ը: Սահմանափակումները չեն տարածվում մինչեւ 5 տարեկան երեխաների, նաեւ հատուկ միջոցառումների, ասենք մերկ շքերթների մասնակիցների վրա:

Ակտիվիստների փաստաբան Քրիսթինա Դի Էդուարդոյի խոսքով, նուդիստները պարզապես իրացրել են օրենքով նախատեսված իրենց իրավունքը: Նա նշել է, որ ակտիվիստներից մեկին ձերբակալել են: Վերջինս կասկածվում է պատգամավորներից մեկին ճանկռելու մեջ:

Այդուհանդերձ, քաղաքային իշխանությունները հավանություն են տվել հասարակական վայրերում մերկ հայտնվելու արգելքին, գրում է The Huffington Post-ը: