2013 թվականին ԱՊՀ նախագահությունը կանցնի Բելառուսին: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 5-ին, Աշգաբաթում տեղի ունեցած ԱՊՀ երկրների առաջնորդների խորհրդի նիստում հայտնել է Թուրքմենստանի նախագահ Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովը:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է, որ բելառուսական կողմը մինչեւ 2012 թվականի վերջը կներկայացնի ԱՊՀ-ում իր նախագահության հայեցակարգը եւ միջոցառումների իրականացման պլանը:

Նրա խոսքով, 2013 թվականը հռչակվել է բնապահպանական մշակույթի եւ շրջակա միջավայրի պահպանության տարի: «Մենք կելնենք ԱՊՀ բոլոր երկրների շահերից»,-խոստացել է Լուկաշենկոն:

Բացի այդ նա նշել է այն ուղղությունները, որոնց վրա իր ուշադրությունը կենտրոնացնելու է Բելառուսը 2013 թվականին: Դրանք են՝ ընդհանուր տեղեկատվական տարածքի զարգացումը, միջմշակութային եւ ազգամիջյան փոխգործակցության ամրապնդումը, շփումների ընդլայնումը գիտնականների եւ մտավորականության,վետերանների եւ երիտասարդական կազմակերպությունների մակարդակով, բնապահպանական մշակույթի եւ շրջակա միջավայրի պահպանության ոլորտում նախագծերի իրականացումը:

ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեւը հայտնել է, որ Բելառուսը ԱՊՀ հաջորդ գագաթաժողովը կանցկացնի 2013-ի հոկտեմբերին: