Վրաստանում Հայաստանի դեսպանությունը Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի կողմից պաշտոնապես ծանուցվել է այն մասին, որ կլիմայական պայմանների վատթարացման պատճառով, միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում /Խաչի լեռնանցք/ կցասայլերով եւ կիսակցասայլերով ավտոփոխադրամիջոցների եւ ավելի քան 30 տեղ տարողությամբ ավտոբուսների երթեւեկությունն արգելված է:

«Նպատակ ունենալով կանխարգելել նախորդ տարիներին նման դեպքերում առաջացող արտակարգ իրավիճակները` կապված ճանապարհային արգելափակված հատվածում ավտոմեքենաների եւ մարդկանց կուտակումների հետ, հորդորում ենք բոլոր փոխադրող ընկերություններին եւ փոխադրամիջոցների մասնավոր սեփականատերերին հաշվի առնել սույն տեղեկատվությունը եւ մինչեւ եղանակային պայմանների բարելավումը եւ Վրաստանի իշխանությունների կողմից համապատասխան թույլտվության ստացումը ձեռնպահ մնալ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում երթեւեկելու ծրագրերից:

Իրավիճակի փոփոխության մասին Վրաստանում ՀՀ դեսպանությունը հանդես կգա լրացուցիչ հայտարարությամբ»,- ասվում է դեսպանության հաղորդագրության մեջ: