«Նաիրիտ» գործարանի 2700 աշխատողների մեկ ամսվա աշխատավարձը վճարվել է նոյեմբերի 29-ին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Նաիրիտ» գործարանի մամուլի ծառայության ղեկավար Անուշ Հարությունյանը:
Հայտնի չէ, թե երբ կվճարեն մնացած 10 ամսվա աշխատավարձը:«Պետք է օպերատոր գտնվի, որ աշխատեցնի «Նաիրիտը»»,- ասաց մամուլի ծառայության ղեկավարը: Նրա փոխանցմամբ` եւս մեկ ամսվա աշխատավարձը խոստացել են վճարել մինչեւ դեկտեմբերի 20-ը: Անուշ Հարությունյանը չնշեց, թե ինչքան է կազմում ընդհանուր պարտքը, սակայն ասաց, որ մեկ ամսվա աշխատավարձի ֆոնդը 1 միլիոն դոլար է:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Նաիրիտ» գործարանի մի քանի հարյուր աշխատակիցներ նոյեմբերի 26-ին հավաքվել են Հայաստանի նախագահի նստավայրի մոտ` պահանջելու մոտ մեկ տարվա աշխատավարձը: Նրանք «Նաիրիտից» երթ են արել դեպի Բաղրամյան պողոտա, ոտքով կտրել են Արշակունյաց եւ Գրիգոր Լուսավորիչ պողոտաները, Պռոշյան փողոցն ու հասել նստավայրի մոտ: «Նաիրիտի» աշխատակիցները, իրենց խոսքով, շուրջ 11 ամիս աշխատավարձ չեն ստացել եւ միայն նախագահ Սերժ Սարգսյանից են ակնկալում գործարանի խնդիրների լուծումը:




























