Ջայլամ բուծող հայկական տնտեսություններն առայժմ ջայլամի կաշվի արտահանման հարցը չեն կարգավորել:  Այս մասին  NEWS.am –ին ասաց  ոլորտի մասնագետներից մեկը:

«Արտահանման ենթակա ապրանք հնարավոր է ստանալ միայն կաշվի հեռացման հատուկ սարքավորման միջոցով, որը ընկերությունները չունեն: Հայաստանում գործող մի քանի տնտեսությունները, որոնք զբաղվում են ջայլամաբուծությամբ,  բավականաչափ խոշոր չեն իրենց նման ծախսեր թույլ տալու համար: Նրանցից յուրաքանչյուրը 50-100 գլուխ կենդանի ունի»,-պարզաբանեց փորձագետը:

Սկզբում ֆերմաները կենտրոնացել էին միայն ջայլամի մսի իրացման վրա հանրապետության ներսում: Սակայն ներկայումս տնտեսությունները մտածում են նաեւ կաշվի արտահանման մասին, որն առավել եկամտաբեր է: «Խնդիրն այն է, որ անցած տարիներին այդ կազմակերպություններն արտաքին շուկաներ չեն փնտրել  հետագա արտահանման համար: Հիմա նրանք պետք է որոշ ժամանակ ծախսեն դրա վրա»,-նշեց փորձագետը:

Նշենք, որ Հայաստանում գործում են ջայլամների բուծման մի քանի ֆերմաներ` Կոտայքի մարզում, Արմավիրի մարզի Փշատավան գյուղում եւ այլն: