Ռուսաստանի Նովգորոդի մարզում հայաստանցի Մարիամ Իսկանդարյան իրավունք է ստացել արտահերթ կարգով բնակարան ստանալ: Մարզի երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով պատասխանատու Ելենա Ֆիլինկովան լրատվամիջոցներին պատմել է հայաստանցի բնակչի ճակատագրի մասին, ով Նովգորոդի մարզում է հայտնվել առանց գոյության միջոցների:
2005 թվականին մայր եւ դուստր Իսկանդարյանները մշտական բնակություն են հաստատել Նովգորոդի մարզի Բորովիչի բնակավայրում: 2007-ին մահացու հիվանդ մայրը կարճ ժամանակով մեկնել է Հայաստան եւ այլեւս չի կարողացել վերադառնալ:
Հայաստանից ծանոթները Մարիամին հեռախոսով հայտնել են, որ մայրը մահացել է, սակայն մոր մահվան մասին վկայող փաստաթղթերը ոչ ոք չի ուղարկել դստերը:
Ռուսաստանում, բացի մորից, Մարիամն այլ հարազատներ չունի եւ 16 տարեկան հասակում աղջիկը լրիվ մենակ է մնացել, չունենալով տանիք եւ ապրուստի միջոցներ:
2009 թվականին Մարիամը երեխա է ունեցել, նրան հանրակացարանում սենյակ են տվել, բայց 2011 թվականին նա նորից առանց միջոցների է մնացել, չկարողանալով ոչ միայն վճարել հանրակացարանի վարձը, այլեւ լուծել երեխայի սննդի հարցը:
Մարիամը օգնության համար դիմել է երեխայի իրավունքների հարցերով պատասխանատուին: Բարձրացել է նրան որբ ճանաչելու հարցը, քանի որ այդ մասին վկայող փաստաթղթեր հայ աղջիկը չունի:
Ելենա Ֆիլինկովան հարցումներ է ուղարկել ՌԴ-ում Հայաստանի հյուպատոսություն, ՌԴ ԱԳՆ, հավաքվել են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը եւ աջակցել են մոր մահվան փաստը դատարանում ճանաչելու գործընթացին:
Նախորդ շաբաթ Բորովիչի շրջանային դատարանը հաստատել է Մարիամի որբ լինելու հանգամանքը: Նա իրավունք է ստացել արտահերթ կարգով բնակարան ստանալ: Բացի այդ, սոցիալական ծառայություններն օգնել են երիտասարդ մայրիկին լավ վճարվող աշխատանք գտնելու հարցում եւ ներկայումս նրա ընտանիքը աղքատների շարքում չէ:




























