Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը նորմալ է վերաբերում, որ բացի ՀՀԿ-ից եւ ՕԵԿ-ից մյուս խորհրդարանական խմբակցությունները դեմ են քվեարկել «2013 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծին: Այս մասին նա հայտարարեց այսօր՝ դեկտեմբերի 5-ին, բրիֆինգի ժամանակ:
«Եթե ընդդիմությունը գովեր կառավարությանը, դա քաղաքական սենսացիա կլիներ: Դասական քաղաքականությունը ենթադրում է, որ ընդդիմությունը պետք է դեմ արտահայտվի իշխանությունների քաղաքականությանը՝ ներկայացնելով սեփական քաղաքականությունը»,-նշեց վարչապետը:
Նա նաեւ վստահություն հայտնեց, որ կառավարության ներկայացրած բյուջեի նախագիծը շատ խնդիրներ կլուծի, մասնավորապես, նախատեսվում է հաջորդ տարի 6,2 տոկոս տնտեսական աճ ապահովել: «2012 թվականի բյուջեում մենք 7 տոկոս տնտեսական աճ էինք նախատեսել: Վիճակագրական տվյալները վկայում են, որ մեր ծրագրերը իրատեսական են, իսկ տնտեսական աճի ներկա ցուցանիշները կյանքի կոչելու դեպքում մեր քաղաքացիները լուրջ առաջընթաց կզգան»,-ընդգծեց Տիգրան Սարգսյանը:
Նա նշեց, որ կառավարությունը բյուջեի նախագծում ընդդիմության կողմից արված 17 առաջարկություն է ներառել, իսկ 50 առաջարկությունների վերաբերյալ պարզաբանումներ են տրվել:




























