Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ կապված իրավիճակն, իսկապես, լուրջ անհանգստության տեղիք է տալիս: Այս մասին հայտարրել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը՝ «ՌԻԱ նովոստիին» տված հարցազրույցում:
«Ես հույս ունեմ, որ ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Դուբլինում եւ կկարողանան ընդհանուր լեզու գտնել, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդես գան համատեղ հայտարարությամբ եւ այդկերպ առաջ ընթանան»,-ասել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը: Նրա խոսքով, ներկա վիճակում նույնիսկ այդպիսի փոքր քայլը շատ կարեւոր է խնդրի կարգավորման գործընթացին աջակցելու համար, սակայն ոչ պակաս կարեւոր է առաջ ընթանալը, հատկապես հաշվի առնելով, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում նախագահական ընտրություններ պետք է կայանան:
Լամբերտո Զանիերն ընդգծել է, որ կողմերը պետք է քաղաքական կամք դրսեւորեն՝ խաղաղ բանակցությունների ճանապարհով խնդրի լուծմանը հասնելու, ինչպես նաեւ ավելի վաղ ստանձնած պարտավորությունների արդյունավետ կատարման համար: «Ես նկատի ունեմ հրադադարի ռեժիմի ամրապնդումը եւ շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմի հաստատումը: Տեղերում լարվածության թուլացմանը եւ քաղաքական բանակցությունների համար լավագույն պայմաններ ստեղծելուն կնպաստեր պարբերական մեխանիզմը, որի շրջանակներում տեղական զինվորական հրամանատարները կարող էին նստել եւ միմյանց հետ քննարկել փաստացի բոլոր անվտանգության հարցերը, լինի զինվորական խմբավորումների առաջխաղացումը, հրաձգությունները կամ անվտանգությունը խախտող այլ գործոնները: Այդ մեխանիզմը կնպաստեր նաեւ շփման գծի մոտ բնակվող մարդկանց ամենօրյա կյանքի անվտանգության ամրապնդմանը»,-ընդգծել է Զանիերը:
«Զուգահեռաբար պետք է զարգացնել շփումները մարդկանց միջեւ՝ քաղաքացիական հասարակության եւ լրատվամիջոցների օգնությամբ, որը կօգնի այդքան անհրաժեշտ վստահության մթնոլորտի ստեղծմանը»,-ամփոփել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը:





























