ՌԴ նախագահ Դմիտրին Մեդվեդեւը հանձնարարել է կառավարությանը քննարկել Մոսկվայի պետական համալսարանի «Միխայիլ Լոմոնոսով» գերհզոր էլեկտրոնային հաշվիչ մեքենայի պետական միջոցներով վերազինման հարցը։ Ինչպես տեղեկացնում է РБК daily-ն, այս մասին նշված է Ռուսաստանի նախագահին կից Ռւոսաստանի Դաշնության տնտեսության մոդեռնիզացիայի եւ տեխնոլոգիական զարգացման հանձնաժողովի ընդունած արձանագրության մեջ։
Մասնագետների խոսքով՝ այժմ գերհզոր համակարգիչներով ՌԴ-ն զբաղեցնում է աշխարհում 12-րդ տեղը, առջեւում ԱՄՆ է՝ 8 գերհզոր համակարգիչներով, եւ Չինասատանն ու Գերմանիան։
Նշվում է, որ «Լոմոնոսովի» ստեղծման համար ծախսվել է 1,9 մլրդ ռուբլի, նույնքան գումար էլ, ըստ փորձագետների կպահանջվի, դրա կրկնակի հզորացման համար։
Փորձագետների խոսքով, տեխնիկական վերազինման եւ հզորացման դեպքում հնարավոր է նաեւ այլ խնդիրներ առաջանան։ Ըստ նրանց՝ Մոսկվայի պետական համալսարանը ապահոված չէ էլեկտրաէներգիայի համապատասխան մատակարարման միջոցներով, իսկ գերհզոր համակարգչի կրկնակի հզորացման դեպքում, այն կվատնի կրկնակի էներգիա, ինչպես նաեւ հարկավոր կլինի ավելացնել սառեցման համակարգը։



























