Երեկ մեկնարկել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակության այցը Բրյուսել, որի առաջին օրվա հանդիպումների մասին Գ. Ծառուկյանի մամլո խոսնակը տարածել է ծավալուն հայտարարություն` գրեթե պետության ղեկավարի այցերին հատուկ հաղորդագրության ձեաչափով: Այդ մասին գրում է «168 ժամ» թերթը։
«Հաղորդագրության մեջ շեշտված է հատկապես նախագահական ընտրություններում Գագիկ Ծառուկյանի առաջադրման հնարավորությունը եվրոպացիների կողմից ողջունելու հանգամանքը: Մասնավորապես Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ալեխո Վիդալ Քվադրաս Ռոկան Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպման ժամանակ, ըստ ԲՀԿ խոսնակի տարածած հաղորդագրության, նշել է, «որ առաջիկա նախագահական ընտրություններում Գագիկ Ծառուկյանը կարող է հիանալի թեկնածու լինել, քանզի առանձնանում է մարդկային ու լավատեսական հատկանիշներով»:
Սա, թերեւս, ԲՀԿ-ում համարել են մեծ ձեռքբերում եւ շտապել են Ծառուկյանի որոշմանը սպասող հանրությանը եւս տեղեկացնել այդ մասին:
Հայաստանում գործող իշխանությունների հասցեին առանձնապես համարձակ հայտարարություններով աչքի չընկնող Գագիկ Ծառուկյանը Հայաստանի իշխանությանն անվանել է կոռումպացված:
«Անկաշկանդ շփման ընթացքում (Եվրոպական խորհրդարանի փոխնախագահի հետ.- խմբ.) Գագիկ Ծառուկյանը կարծիք է հայտնել, որ անհնար է երկրում պայքարել կոռուպցիայի դեմ, եթե հիմնական կոռումպացված անձինք են այդ պայքարը ղեկավարում»,- նշված է Գ. Ծառուկյանի խոսնակի տարածած հաղորդագրությունում: Փաստորեն, Գագիկ Ծառուկյանը եվրոպացի պաշտոնյայի մոտ` առանց անուններ տալու, անուղղակիորեն հայտարարել է, որ նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, իրավապահ մարմինների ղեկավարները կոռումպացված անձինք են: Համենայդեպս, եւ´ Սերժ Սարգսյանը, եւ՛ Տիգրան Սարգսյանը գրեթե բոլոր հրապարակային ելույթներում խոսում են կոռուպցիայի դեմ պայքարի մասին, Ս. Սարգսյանը հատուկ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում խորհրդակցությունների շարք սկսեց` ցույց տալով, որ անձամբ է համակարգում այդ պայքարը:
Ի դեպ, «կեղտոտ սպիտակեղենը» եվրոպացիներին ի ցույց դնելու անթույլատրելիության մասին թեզը հայկական քաղաքական լեքսիկոն ներմուծվեց նախկին արտգործնախարար, ներկայումս` ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի կողմից, ով այդկերպ էր մեկնաբանում երբեմնի ընդդիմության` Հայաստանի խնդիրները եվրոպացիների առաջ բարձրաձայնելու քայլերը»,- գրում է «168 ժամը»։




























