Վրաստանի խորհրդարանը դեկտեմբերի 5-ի լիագումար նիստում ձայների 77 «կողմ» եւ 14 «դեմ» հարաբերակցությամբ հաստատել է «Քաղբանտարկյալի եւ քաղաքական աքսորյալի կարգավիճակ տալու մասին» որոշումը:

Որոշման համաձայն՝ քաղբանտարկյալի կարգավիճակ է ստացել 190 մարդ, քաղաքական աքսորյալի՝  25:

«Գռուզիա օնլայնը» գրում է, որ խորհրդարանը քաղբանտարկյալներին ազատելու հարցը կլուծի համաներման միջոցով:

Միաժամանակ, Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլիի փաստաբանը հայտնել է, որ իր պաշտպանյալը հանվել է քաղբանտարկյալների ցանկից: Հիշեցնենք, նա հայրենիք վերադառնալուն պես ձերբակալվել էր 2008թ. իր դեմ առաջադրված մեղադրանքների հիմքով: Նախկինում նա քաղբանտարկյալների ցուցակում էր, ինչն էլ հավանաբար, ըստ մամուլի, ազդել էր նրա՝ վերադառնալու մասին որոշման վրա: