Վայք-Սիսիան ավտոճանապարհին` Սարավան գյուղի վերջնամասում, մերկասառույցի հետեւանքով ավտոցիստեռնը (պատկանում է «Արգաս»  ՍՊԸ-ին) թեքվել եւ մասնակիորեն փակել է ճանապարհի երթեւեկելի հատվածը: Այս մասին ահազանագը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է դեկտեմբերի 5-ին, ժամը 22.43-ին: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ-ից, դեպքի մասին տեղեկացվել է ՃՈ-ին:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներին չի հաջողվել ուղղել ավտոմեքենան. անհրաժեշտ է հատուկ տեխնիկա: Հրշեջ-փրկարարների ուժերով բեռնատարը դուրս է բերվել ճանապարհի բանուկ հատվածից: աշխատանքները դադարեցվել են եւ կվերսկսվեն առավոտյան: տեղադրվել են նախազգուշացնող նշաններ: ժամը 02.32-ին ահազանգ է ստացվել, որ նույն ճանապարհահատվածում մերկասառույցի հետեւանքով եւս 4 ավտոմեքենաներ չեն կարողանում շարունակել երթեւեկությունը: Կապ է հաստատվել «Հայավտոճանապարհներ տնօրինություն» ՊՈԱԿ-ի  աշխատակցի հետ, ով հավաստիացրեց, որ ճանապարհի մշակման աշխատանքները կվերսկսվեն մոտակա ժամին:

ժամը 04.15-ին տեղեկություն է ստացվել, որ «Հայավտոճանապարհներ տնօրինություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները մեկնել են դեպքի վայր ճանապարհի մշակման աշխատանքների համար: ժամը 05.00-ի սահմաններում ավտոճանապարհը մշակվել է. ավտոմեքենաները դուրս են բերվել ճանապարհի երթեւեկելի հատված: