Մոսկվայում մահացել է Դաղստանի ֆինանսների նախարարի տեղակալի որդին: Դեկտեմբերի 1-ին 18-ամյա Սայլուտդին Իսլամովը խնդիրներ է ունեցել մայրաքաղաքի բնակիչների հետ: Վեճը, կարելի է ասել, չսկսված ավարտվել է, սակայն մահացածի հարազատները պնդում են, որ հենց դա է տղայի մահվան պատճառ դարձել:
Իրավապահ մարմիններում հայտնել են, որ երեք մոսկվացիների եւ դաղստանցի երիտասարդների միջեւ վեճ է ծագել: Սայլուտդինը կրծքին հարված է ստացել եւ ի պատասխան հրել հարվածողին: Վեճի պատճառը չի հստակեցվում: Չեն հստակեցվում նաեւ երիտասարդի մահվան հանգամանքները, գրում է utro.ru-ն:
Մահացածի ընկերոջ խոսքով՝ ինքը վիճաբանությունից հետո Իսլամովին մինչեւ տուն ճանապարհել է: Առավոտյան երիտասարդը կրկին այցելել է ընկերոջը եւ նրան մահացած է գտել: Ժամանած բժիշկները հաստատել են Իսլամովի մահը: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որը պետք է պարզի մահվան պատճառը:
Քննիչները որոնում են կռվի մասնակից երիտասարդներին:





























