Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում եւ Իռլանդիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Կարինե Ղազինյանը այսօր` դեկտեմբերի 6-ին, հանկարծամահ է եղել: Նախնական տեղեկություններով` նա մահացել է ԱՄՆ-ում, որտեղ բուժվում էր:
Նշենք, որ Կարինե Ղազինյանը եղել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում եւ Իռլանդիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան: Ծնվել է 1955թ. հունվարի 8-ին, Երեւանում 1977թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետի ռոմանա-գերմանական բաժինը: Աշխատել է Մոզամբիկի, Պորտուգալիայի ԽՍՀՄ դեսպանությունում: Երեւանի պետական համալսարանում որպես իրավագիտության եւ բանասիրության ֆակուլտետների անգլերեն լեզվի դասախոս էր:
Որպես Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան աշխատել է Ռումինիայում, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում: 2009 թ. մարտից - 2011թ. սեպտեմբերի 8-ը` ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ, Հայաստան- ԵՄ Ասոցացման համաձայնագրի գլխավոր բանակցող: 2010թ. հունիսին ավարտել է Հարվարդի համալսարան, Քենեդու կառավարման դպրոց, գործադիր կառավարման դասընթացները: 2011թ. սեպտեմբերի 8-ից` Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան:
Ուներ Արտակարգ եւ լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան, պարգեւատրվել է Մխիթար Գոշի մեդալով, Ռումինիայի Մեծ Խաչի ազգային շքանշանով:
Կարինե Ղազինյանն ունի որդի եւ դուստր:




























