Ս.թ. դեկտեմբերի 6-14-ը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Գերմանիայի Դաշնային Հանրապետություն եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներ:

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեկտեմբերի 6-ին ՀՀ վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակությունը երկօրյա այցով կժամանի Գերմանիայի Դաշնային Հանրապետության Ֆրանկֆուրտ քաղաք, որտեղ կմասնակցի «Commerzbank»-ի կենտրոնակայանում կայանալիք գործարար համաժողովին եւ հանդիպում կունենա «Commerzbank»-ի ղեկավարության հետ:

ԳԴՀ այցի շրջանակում նախատեսվում է ՀՀ վարչապետի հանդիպումը երկրամասի ղեկավարության եւ գերմանական առաջատար ընկերությունների ներկայացուցիչների, ինչպես նաեւ Ֆրանկֆուրտի հայ համայնքի հետ: Կառավարության ղեկավարը կմասնակցի նաեւ «Gutenberg» թանգարանում կազմակերպվող, հայ գրատպության 500-ամյակին նվիրված ցուցահանդեսին:

Դեկտեմբերի 8-ին Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Ֆրանկֆուրտից կմեկնի ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգ: Եռօրյա աշխատանքային այցի առաջին օրը ՀՀ կառավարության ղեկավարը կայցելի Կալտեք համալսարան, հանդիպում կունենա համալսարանի ղեկավարության հետ, ինչպես նաեւ Կալիֆորնիայի հայ գիտնականների հետ: Հանդիպմանը ներկա կլինի նաեւ ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը:

Դեկտեմբերի 9-ին վարչապետ Սարգսյանը կայցելի Գեթթի թանգարան` 14-րդ դարի Վերածննդի դարաշրջանի սկզբի Ֆլորենցիայի գեղանկարչության ցուցադրությունը դիտելու  եւ Գեթթի պահոց՝ Զեյթունի ավետարանի 8 էջերին ծանոթանալու նպատակով: Այնուհետեւ Տիգրան Սարգսյանը կժամանի Բըրբանք` Հայ Առաքելական Եկեղեցու Արեւմտյան ԱՄՆ առաջնորդարան, որտեղ կհանդիպի Հարավային Կալիֆորնիայի հայ համայնքի ներկայացուցիչներին:

Այցի երրորդ օրը ՀՀ վարչապետը Սթենֆորդի համալսարանում կմասնակցի «ArmTech Congress»-ի լիագումար նիստին եւ հանդես կգա ելույթով: Կառավարության ղեկավարը կայցելի «Plug and Play» համակարգչային ընկերությունների ինկուբատոր, որտեղ ներկա կգտնվի Հայաստանի ՏՏ ներկայացուցչական կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը եւ Հայաստանում վենչուրային հիմնադրամի ստեղծման մասին հուշագրի ստորագրմանը: Նախատեսվում է նաեւ «Intel» ընկերության կողմից Հայաստանում գիտահետազոտական կենտրոն հիմնելու մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրում, Տիգրան Սարգսյանի այցը IBM ընկերության Ալմադեն հետազոտական կենտրոն եւ հանդիպում IBM-ի ղեկավարության հետ:

Դեկտեմբերի 11-ին ՀՀ կառավարության ղեկավարը կմեկնի Բոսթոն, որտեղ նախատեսվում է ՀՀ վարչապետի մասնակցությունը Հարվարդի համալսարանի Բելֆեր կենտրոնում կայանալիք սեմինարին: Տիգրան Սարգսյանը կայցելի նաեւ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ, կհանդիպի տեղի հայ ուսանողների եւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Դեկտեմբերի 14-ին ՀՀ վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակությունը կվերադառնա Երեւան:

Կառավարական պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը, պաշտոնատար այլ անձինք: