Ռուսաստանի Կոպեյսկ քաղաքի ուղղիչ աշխատանքային № 6 գաղութում, որտեղ վերջերս զանգվածային ցույց էր, քննիչները խուզարկության ընթացքում բանտարկյալների կողմից արտադրամասում պատրաստված դանակներ եւ թրեր են առգրավել: Քննչական կոմիտեի հաղորդագրությունում ասված է, որ հաստատությունը տվյալ արտադրությամբ զբաղվելու թույլտվություն չուներ:
Տեղեկությունը, որ գաղութի բանտարկյալներն աշխատել են դանակների եւ թրերի արտադրությունում, հաստատել է «Ագորայի» իրավապաշտպան Իլնուր Շարապովը, հայտնում է gazeta.ru-ն:
ՔԿ-ն նաեւ հայտնում է, որ գաղութի հաշվեկշռում չնշված մեծ թվով կենցաղային տեխնիկա եւ նյութական արժեքներ են հայտնաբերել: Քննիչները բանտարկյալներից 120-ից ավելի դիմում են ստացել այն մասին, որ գաղութի աշխատակիցներն իրենցից գումար են շորթել:
Հիշեցնենք, նոյենբերին գաղութի բանտարկյալները զանգվածային ցույցի էին ելել՝ բողոքելով իրենց նկատմամբ դաժան վերաբերմունքից: Դրանից հետո Վլադիմիր Պուտինը զբաղեցրած պաշտոնից ազատել էր Պատժի իրագործման դաշնային ծառայության պետի տեղակալ Ալեքսեյ Վելիչկոյին, սակայն հրամանագրում ոչինչ նշված չէր Կոպեյսկի դեպքերի եւ այդ որոշման կապի մասին:




























