Վաշինգտոնը սիրիական գրոհայինների խմբավորումներից մեկին արտասահմանյան ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում ընդգրկելու որոշում է կայացրել:
«Վզգլյադը», վկայակոչելով Associated Press-ին, գրում է, որ խոսքը «Ջեբհաթ ան նուրսա» («Հաղթանակի ճակատ») խմբավորման մասին է, որը կապ ունի «Ալ Կաիդա» ցանցի հետ: Դրա հիմնական կենտրոնը, նախնական տվյալով, թուրք-սիրիական սահմանին է:
«Ջեբհաթ ան նուրսա» կազմակերպությունը, մասնավորապես, ստանձնել էր հոկտեմբերի 9-ին մահապարտների մասնակցությամբ Դամասկոսում կատարված խոշոր ահաբեկչությունների, կառավարական ուժերի դեմ բազմաթիվ հարձակումների, մայրաքաղաքային հեռուստակենտրոնի հարձակման, տեղացի լրագրողների հաշվեհարդարի պատասխանատվությունը:
«Ջեբհաթ ան նուրսա» խմբավորմանը արտասահմանյան ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում ընդգրկելու մասին պաշտոնապես կհայտարարվի հաջորդ շաբաթ: Գործնականում այդ քայլը կնշանակի ամերիկացիների կողմից կազմակերպությանը ցուցաբերվող աջակցության արգելք եւ ԱՄՆ-ի բանկային համակարգում հայտնաբերման դեպքում կազմակերպության հաշիվների սառեցում:





























