Մեր ներքին խնդիրները ինքներս պետք է լուծենք եւ ցանկացած նորմալ ընտանիքի նման ձգտենք աղբը տնից չհանել, կարծում է մաեստրո Ջիվան Գասպարյանը: Այդ մասին նա նշել է NovostiNK.ru-ի հետ զրույցում՝ մեկնաբանելով «Արմավիա» ազգային ավիափոխադրողի եւ «Զվարթնոց» օդանավակայանի միջեւ հակասությունների մասին մամուլի հրապարակումները:
Վերջերս «Արմավիայի» եւ «Զվարթնոցի» փոխհարաբերությունների հարցը մամուլում քննարկվում է այն դիրքից, որին հակված է այս կամ այն հրատարակչությունը, դրան համապատասխան՝ փորձագետների մեկնաբանություններն էլ են համապատասխան տեսանկյունից ներկայացվում, նշում է ռուսական կայքը:
«Այդպես չի կարելի: Պետք չէ վարկանիշի համար այդքան ոգեւորվել նոր թեմայից: Համացանցի ներկա հնարավորությունների պայմաններում պետք է գիտակցել, որ շատ թեմաներ դրսում քննարկման առարկա են դառնում: Մի՞թե ճիշտ է, որ մեր խնդիրների մասին խոսում են Ամերիկայում, Ռուսաստանում, վերջիվերջո՝ թշնամիներն են չարախնդում: Ինչո՞ւ նման առիթ տանք: Մեր ներքին խնդիրներն ինքներս պետք է լուծենք եւ ցանկացած նորմալ ընտանիքի նման ձգտենք աղբը տնից չհանել», - ասել է Ջիվան Գասպարյանը:
Նա նաեւ ընդգծել է, որ հնարավորության դեպքում ինքը թռչում է հիմնականում հայկական ավիաուղիներով. «Չէ՞ որ դա մեր հայկական ընկերությունն է: Նրան պետք է աջակցել: Չէ՞ որ մենք հպարտանում ենք մեր հայտնի գիտնականներով, արտիստներով, մարզիկներով, ֆուտբոլիստներով, շախմատիստներով: Այդպես էլ հայկական ավիաընկերությունը պետք է յուրաքանչյուր հայի հպարտության առարկա լինի: Ամեն դեպքում, ես դա այնքան եմ զգում արտասահմանյան օդանավակայաններում «Արմավիայի» տարբերանշանը տեսնելիս»:




























