Բրազիլիայի բանտերից մեկում խոշոր  կազմվածքով կալանավորի փախուստի փորձը ձախողվել է. Նա «լռվել» մնացել է պատին իր բանտակիցների բացած  ոչ մեծ ճեղքում: Ռաֆայել Վալդաո անունով անհաջողակը  բախտը փորձելիս հաշվի չէր առել իր չափերը:

Բանտարկյալի մարմնի առջեւի հատվածը հաջողությամբ անցել է ոչ մեծ արանքով, սակայն լայն գոտկատեղը առաջ շարժվելու հնարավորություն չի տվել, գրում է  LifeNews-ը:

Վալդաոյի հուսահատ բղավոցները գրավել են հսկիչների ուշադրությունը: Բանտի ապշած աշխատակիցները սկսել են քաշել փախստականի ձեռքերից, միաժամանակ բանտակիցները մյուս կողմից փորձել են ոտքերից բռնած առաջ հրել ընկերոջը:

Օգնության է հասել հրշեջների խումբը, որը Վալդաոյին հանել է արանքից: Նույն երեկոյան Ռաֆայելի հիշյալ չորս՝ նվազ գեր բանտակիցներին հաջողվել է փախչել: