Հայաստանը երբեք չի հայտարարել եւ չի հայտարարի, որ առաջնայնությունը տալիս է եվրաատլանտյան կողմնորոշմանը եւ որ մնացած ուղղություններից գերադասում է եվրաատլանտյան համագործակցությունը: Այդ մասին «Ինտերֆաքսի» հետ զրույցում նշել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Երբ ասում ենք, որ Ռուսաստանի հետ դաշնակցային ռազմավարական հարաբերություններ ունենք, այդտեղ ավելորդ խոսքեր պետք չեն, դրանով ամեն ինչ ասված է», - ասել է նա եւ հավելել, որ Հայաստանը եւ Ռուսաստանը բազմաթիվ թելերով կապված են, ինչն էլ այն ամուր հիմքն է, որի վրա դաշնակցային հարաբերությունների ժամանակի քննությունն անցած ամուր շենքի նորանոր քարերն են շարվում:
Նշելով, որ Հայաստանը ԱՊՀ-ի ոչ միայն հիմնադիր, այլեւ ամենաաշխույժ անդամներից է, Նալբանդյանն ընդգծել է, որ այն ԱՊՀ-ի շրջանակում հավանության արժանացած փաստաթղթերի քանակով առաջինների թվում է:
«Ի դեպ, Հայաստանն առաջիններից մեկն է ԱՊՀ շրջանակում վավերացրել ազատ առեւտրի գոտու մասին պայմանագիրը», - ասել է նա:
Ըստ նախարարի՝ բավական հաջող եւ դինամիկ զարգանում են մեր հարաբերությունները ԵՄ-ի հետ: «Մենք ավարտում ենք ասոցացման համաձայնագրի նախապատրաստումը, բանակցություններ ենք վարում ազատ առեւտրի խորացված եւ համապարփակ գոտու ստեղծման վերաբերյալ: Շուտով համաձայնագիր կստորագրենք վիզային ռեժիմի հեշտացման մասին», - ասել է նա:
«Հայաստանը թափանցիկ եւ կանխատեսելի քաղաքականություն է վարում: Մեր նպատակը հետագա համագործակցային հարաբերությունների ամրապնդումը, ինչպես նաեւ համագործակցության զարգացումն է այն բոլոր երկրների հետ, որոնք պատրաստ են զարգացնել փոխշահավետ համագործակցությունը ՝ միջազգային եւ տարածաշրջանային ձեւաչափերում երկրի առավելագույն ներգրավվածությամբ:
Տարատեսակ ինտեգրացիոն կառույցների միջեւ ոչ թե հակազդեցությունը, այլ փոխգործակցությունն ու երկխոսությունն են ընդունակ կարեւոր ավանդ ներդնել առանց բաժանարար գծերի ընդհանուր տիրույթի ձեւավորման գործում՝ ի շահ բոլոր պետությունների, դրանց ներդաշնակ զարգացման», - ընդգծել է Նալբանդյանը:





























