Ֆրանսիան շահագրգռված է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցում: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 6-ին կայացած մամուլի ասուլիսում նշել է պատգամավոր, «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանը:

Նա լրագրողներին պատմել է հայ խորհրդարանականների Ֆրանսիա կատարած այցի տպավորությունները, որի ընթացքում «Ղարաբաղ. Խաղաղություն եւ երկխոսություն» թեմայով կլոր սեղան էր անցկացվել:

Կլոր սեղանի ընթացքում ցուցադրվել էր Ղարաբաղի մասին Ցվետանա Պասկալեւի նկարահանած մի քանի ֆիլմ, դրանց քննարկումն էր ծավալվել: Շահգելդյանը նշել է, որ ֆրանսիական կողմը շահագրգռված է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցում:

Նա հատուկ ընդգծել է, որ կլոր սեղանի մասնակիցները քննարկել են ադրբեջանական կողմի ռազմական քաղաքականությանն առնչվող արդիական մի շարք քաղաքական հարցեր:  Ըստ հայ խորհրդարանականի՝ Ադրբեջանում հայաֆոբիան արդեն քարոզվում է դպրոցական տարիքային տարբեր խմբերում: Ինչ վերաբերում է Ադրբեջանի նավթադոլարներին, ապա  ինչպես նշել է Շահգելդյանը, նախկինում Բաքուն դրանք ծախսում էր միայն ռազմական արդյունաբերության եւ բանակի վրա, իսկ այժմ նաեւ լոբբիստական գործունեությանն է հատկացնում: Ինչ վերաբերում է Հայաստանի լոբբիստական գործունեությանը, ապա, ըստ Շահգելդյանի, այն, անշուշտ,  արդյունավետ է:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/ NEWS.am