Բժշկասոցիական փորձաքննական հանձնաժողովներում իրականացվել են ստուգումներ եւ խորը ուսումնասիրություններ: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 6-ին ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Ստուգումների արդյունքում աշխատանքից ազատվել են բժշկասոցիալական փորձաքննական գործակալության պետը եւ 6 փորձաքննական հանձնաժողովների նախագահներ: Մի քանի աշխատակիցներ աշխատանքից ազատվել են իրենց դիմումի համաձայն:

Նշենք, որ այդ հանձնաժողովներում են որոշվում հաշմանդամության կարգերը:

Ա. Ասատրյանը կառավարության հաստատմանը ներկայացրեց որոշման 4 նախագիծ, որոնք պետք է կանոնակարգեն հանձնաժողովների գործունեությունը: Մասնավորապես՝ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները եւ բժիշկները հնարավորություն կստանան մասնակցելու այդ հանձնաժողովների նիստերում:

Նախատեսվում է նաեւ բողոքարկման եռաստիճան համակարգի ներդրում: Ներկայում գործող կարգում դիմումատուները բողոքներ ներկայացնում են միայն տվյալ գործակալությանը:

«Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կոռուպցիոն ռիսկերն այս համակարգում համատարած բնույթ ունեն»,- ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Վարչապետը սոցապնախարարին հարցրեց՝ արդյո՞ք ներկայացված որոշումները երաշխիք են ստեղծում կոռուպցիոն ռիսկերի վերացման համար: Ա. Ասատրյանը պատասխանեց, որ հարկավոր է նաեւ կարգավորել այդ հանձնաժողովների անդամների աշխատավարձերի հարցերը: