«Գոլդն Գրեյպ Արմաս» ընկերությունը Արագածոտնի մարզում շահագործման է հանձնել գինու եւ կոյակի նոր գործարան: Նոր գործարանը հագեցած է Granzotto իտալական արտադրության նորագույն սարքավորումներով, որոնք ոչ միայն համապատասխանում են միջազգային բոլոր չափանիշներին, այլեւ իրենց որակով համարվում են աշխարհում առաջիններից: Գործարանի նախագծային լուծումները եւս տրվել են իտալացի մասնագետների կողմից:
ՀՀ կառավարությունն այսօր՝ դեկտեմբերի 6-ին թույլ տվեց «Գոլդն Գրեյպ Արմաս» ընկերությանը՝ որոշ ներմուծված ապրանքների գծով ավելացված արժեքի հարկի վճարումը հետաձգել 3 տարով: Կառավարությունը նմանատիպ մի որոշում ընդունել է նաեւ 2010 թ., սակայն այնուհետ իրականացվել են լրացուցիչ ներդրումներ:
Նշենք, որ «Գոլդն Գրեյպ Արմաս»-ը Կոշ համայնքի 200 եւ Սասունիկ համայնքի 20 հեկտար անմշակ տարածքների վրա կատարել է զգալի ներդրումներ՝ տարածքը գյուղատնտեսական նշանակությամբ օգտագործելու նպատակով: Արդյունքում այսօր ավելի քան 160 հա տարածության վրա հիմնված են խաղողի այգիներ, տնկվել է 400 հազար խաղողի տնկի, իսկ 40 հա հողատարածքը զբաղեցնում են պտղատու այգիներ (10 հազար ծառեր` դեղձի, սալորի, խնձորի, ծիրանի, բալի եւ այլն):




























