Ժողովրդավարության եւ ընտրությունների անցկացման պլանում Վրաստանի հաջողությունները «բարի նախանձ» են առաջացնում:
Այսօր` դեկտեմբերի 6-ին Երեւանում կայացած «Միասնական օրակարգով դեպի նախագահական ընտրություններ» ֆորումում նման կարծիք է հայտնել քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:
Ըստ նրա՝ ներկայումս Հայաստանում դրությունը հիշեցնում է լճացման ժամանակաշրջանը, եւ հանրությունը դա հիանալի զգում է: «Անհրաժեշտ է իրավիճակը փոխելու անհապաղ քայլեր ձեռնարկել: Եթե դա չարվի, հետեւանքները ողբերգական կլինեն», - վստահ է քաղաքագետը: Խոսելով ՀՅԴ-ի ներկայացրած յոթ կետերի մասին, որոնք հիմք կարող են դառնալ ընդդիմության նախընտրական պլատֆորմի համար, քաղաքագետը նկատել է, որ ճանապարհային քարտեզի ստեղծումը, որը քաղաքացիները կընդունեն եւ որին կհավատան, կարեւոր քայլ կդառնա:
«Վրաստանում կատարվածը «բարի նախանձ» է առաջացնում: Մենք պետք է փորձենք նույնն անել: Դա մեզ համար պատվի հարց է», - կարծում է քաղաքագետը: Ըստ Երվանդ Բոզոյանի՝ Հարավային Կովկասում Վրաստանը ժողովրդավարության վառ օրինակ է: Ադրբեջանն ավտորիտարիզմի օրինակ է: Հայաստանը դրանց մեջտեղում է: «Մեր առաջ ընտրություն կա՝ որ ճանապարհով գնալ: Սակայն աշխարհագրական դիրքով Հայաստանի նման երկրները, որոնք ունեն նաեւ պաշարներ, ավտորիտար ուղով չեն կարող գնալ: Այդ պատճառով էլ անհրաժեշտ է ընտրել առաջին ուղին», - եզրակացրել է Երվանդ Բոզոյանը:
Լուսանկարը` Արսեն Սարգսյանի / NEWS.am





























