Հայաստանի առեւտրային բանկերում առկա են բավարար քանակությամբ ավտոմեքենաների տեխնիկական զննության կտրոններ: Այդ մասին պարզաբանում է հրապարակել ՀՀ ֆինանսների նախարարությունը:
Նշենք, որ մամուլում հրապարակումներ կան այն մասին, որ վարորդները դժվարությունների են հանդիպում բանկերից տեխզննման կտրոններ ստանալու հարցում;
Հիշեցնենք, որ 2011 թ. մայիսի 1-ից հանրապետությունում պարզեցվել է տեխզննման կարգը: Ներկայում գործող կարգով՝ վարորդները տեխզննման կտրոնը պետք է ստանան բանկից, այլ ոչ թե տեխզննման կայանից: Դա արվում է վարորդներից դրամահավաքը կանխելու եւ ձեւական տեխզննումները վերացնելու նպատակով: «ՀՀ ֆինանսների նախարարությունը ՀՀ առեւտրային բանկերին 2011 թվականից առ այսօր տրամադրել է ընդհանուր թվով 518 700 կտրոններ: Տեղեկացնենք նաեւ, որ համաձայն ՀՀ բանկերի ասոցիացիայի կողմից ՀՀ ֆինանսների նախարարությանը տրամադրած տվյալների՝ բոլոր բանկերում առկա են բավարար քանակությամբ կտրոններ, մասնավորապես 04.12.2012 թվականի դրությամբ 2013 թվականի տեխնիկական զննման կտրոնների մնացորդը կազմում է 7789 հատ, 2014 թվականի տեխզննման կտրոններինը՝ 35003 հատ»,- նշված է ՀՀ ֆինանսների նախարարության պարզաբանման մեջ:


























