Թայլանդում մեղադրանք է ներկայացվել երկրի նախկին վարչապետ Ապհիսիթ Վետչաչիվին: Երկրի հատուկ ծառայությունների վարկածով` 2010-ի մայիսին նա «կարմիր վերնաշապիկավորների»` իր մրցակցի կողմնակիցների դեմ մարտական փամփուշտներ կիրառելու հրահանգ է տվել, ինչը բնակչության շրջանում բազմաթիվ զոհերի է հանգեցրել:
Բացի Ա. Վետչաչիվից՝ ողբերգական իրադարձությունների պատասխանատվությունը դրվել է նախկին փոխվարչապետ Սուֆեպ Ֆաուգսուբանի, ինչպես նաեւ սեւազգեստ անհայտ գրոհայինների ջոկատների վրա: Այժմ նախկին պաշտոնյաներին սպառնում է մահապատիժ կամ ցմահ բանտարկություն, հայտնում է rbc-ն՝ վկայակոչելով Reuters-ին:
Հիշեցնենք, 2010թ. մարտին 2006թ. Թայլանդի նախկին պաշտոնանկ վարչապետ Թաքսին Չինավատի հազարավոր կողմնակիցներ ցույց էին կազմակերպել՝ պահանջելով արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Մայիսի կեսերին երկրում իրադրությունը սրվել էր, եւ մայիսի 19-ի ցույցի ընթացքում կառավարական զորքերը ցրել էին ամբոխը՝ հրազեն կիրառելով: Բախումների զոհ էր դարձել 90 մարդ:
Ներկայումս Թայլանդի վարչապետը Թ. Չինավատի քույր Յինգլակն է: Նա 2011 թ. հաղթել էր խորհրդարանական ընտրություններում եւ հուլիսին զբաղեցրել վարչապետի պաշտոնը:




























