Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի որդու՝ Ցոտնե Գամսախուրդիայի վրայից հանել են օրինականորեն ընտրված իշխանության տապալման նպատակով Ռուսաստանի օգտին լրտեսության վերաբերյալ մեղադրանքների մի մասը:
Թբիլիսիի քաղաքային դատարանում դատախազությունը հանել է նշված մեղադրանքները, այսօր՝ դեկտեմբերի 6-ին, լրագրողներին հայտնել է նրա փաստաբան Քեթի Բեքաուրին:
Նրա խոսքով, գործի քննությունը շարունակվում է դիտավորյալ ծանր վնասվածքներ հասցնելու մեղադրանքով: Այս գործով հաջորդ դատական նիստը կկայանա դեկտեմվերի 11-ին, հաղորդում է «Գռուզիա Online»-ը:
2007-ի նոյեմբերի 8-ին, Թբիլիսիիում ընդդիմության ցույցը ցրելուց հետո, Վրաստանի դատախազությունը Ցոտնե Գամսախուրդիային մեղադրել է օրինականորեն ընտրված իշխանության տապալման նպատակով Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ:
Ավելի ուշ՝ 2010-ի ապրիլին նա դատապարտվել է 9,5 տարվա ազատազրկման՝ դիտավորությամբ հարեւանին սպանելու, անօրինական զենք պահելու եւ կրելու մեղադրանքներով: Վերաքննիչ դատարանն ուժի մեջ է թողել քաղաքային դատարանի որոշումը, որը Գամսախուրդիային դատապարտել էր լրացուցիչ 5 տարվա ազատազրկման: Արդյունքում Ցոտնե Գամսախուրդիայի պատժաչափը հասել է 13 տարի եւ 2 ամսվա:
Հոկտեմբերին երկրի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, Վրաստանի կաթողիկոս պատրիարք Իլյա Բ-ի միջնորդությամբ, ներում էր շնորհել Գամսախուրդիա կրտսերին:





























