«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը խոստումնալից է համարում ընտրություններից առաջ ընդդիմության միավորման մասին ՀՅԴ-ի նախաձեռնությունը: Իր տեսակետը Րաֆֆի Հովհաննիսյանն արտահայտել է այսօր` դեկտեմբերի 6-ին Երեւանում ՀՅԴ-ի նախաձեռնությամբ կայացած «Միասնական օրակարգով դեպի նախագահական ընտրություններ» ֆորումում:
Տվյալ ֆորումի անցկացման գլխավոր նպատակը երկրի հիմնական խնդիրների լուծման մասին ՀՅԴ-ի կողմից նախկինում ներկայացված 7 կետից բաղկացած պլատֆորմի քննարկումն է:
ՀՅԴ-ի մտադրությամբ, այդ պլատֆորմը կարող է կայանալիք նախագահական ընտրություններում հիմք դառնալ ինչպես խորհրդարանական, այնպես էլ ոչ խորհրդարանական ընդդիմադիր ուժերի միավորման համար: Պլատֆորմի եւ ճանապարհային քարտեզի համաձայնեցումից հետո երկրորդ քայլը կարող է դառնալ միասնական թեկնածուի առաջադրումը:
«Ժառանգության» առաջնորդը հայտարարել է, որ ընդունում է ներկայացված կետերը եւ հուսով է, որ միասին կհաջողվի լուծել դրված խնդիրները:
Ըստ ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանի՝ ներկայացված փաստաթուղթը բավականին հավասարակշռված է եւ հարմար պլատֆորմ է ընդդիմադիր ուժերի լայն հատվածի միավորման համար, քանի որ գաղափարական տարաձայնություններ չի առաջացնում: Սակայն, ընդգծել է Ռուբինյանը, ամեն դեպքում հարցեր կան: Առաջին հերթին, եթե համախմբումը հրաշքով տեղի ունենա, ապա հերթական կեղծված ընտրություններից հետո ժողովուրդը կարող է նորից իր վրա ուղղված զենքի առաջ կանգնել՝ ինչ անել այդ ժամանակ: Այլ հարց է, թե ինչ երաշխիքներ կան, որ միասնական թեկնածուն կընտրվի արդարությամբ: Եւ վերջապես, երրորդ հարցը՝ ուր են երաշխիքներ, որ ընտրություններին հաղթած ընդդիմության միասնական թեկնածուն իսկապես կիրականացնի պլատֆորմը: «Բոլորը գիտեն, թե ինչ գայթակղություններ կան իշխանությանը մոտ կանգնածների շուրջբոլորը», - ամփոփել է Կարապետ Ռուբինյանը:





























