Երեւանի խանութներում նկատվում է շաքարավազի էժանացման միտում, թեեւ այն հավասարաչափ չի ընթանում: Եթե «Սթարի» սուպերմարկետներում դեկտեմբերի 6-ի դրությամբ շաքարավազն առաջարկվում է կգ-ը 435 դրամով, ապա «Երեւան սիթիում»՝ 377 դրամով: Դա պատահական չէ՝ «Երեւան սիթին» փոխկապակցված է Հայաստանում շաքարավազի միակ արտադրող «Լուսաստղ Շուգր» ընկերության հետ:

Ոչ մեծ խանութներում շաքարավազի գինը տատանվում է 390-420 դրամի սահմաններում, սակայն, հաշվի առնելով, որ մեծածախ առաքումն իրականացվում է կգ-ը 375 դրամի սահմաններում, համընդհանոր էժանացումը միայն ժամանակի հարց է: Նշենք, որ նոյեմբերին շաքարավազի գինը ամենուրեք 420-ից պակաս չէր: Այսինքն՝ վերջին 2 շաբաթվա ընթացքում շաքարավազն էժանացել է միջինը 30 դրամով յուրաքանչյուր կգ-ի համար:

Ամենայն հավանականությամբ՝ շաքարավազի էժանացումը պայմանավորված է միջազգային շուկայում բարենպաստ իրավիճակի հետ: Լոնդոնի բորսայում սպիտակ շաքարի տոննայի գինը դեկտեմբերի 6-ի դրությամբ կազմել է 518 դոլար՝ տարեսկզբի 640 դոլարի համեմատ: Այսինքն՝ առկա է մոտ 20 % էժանացում:

Այս շուկայի վերլուծաբանների մեծ մասն այն կարծիքին է, որ եթե կլիմայական կատակլիզմներ չլինեն, ապա շաքարավազը կէժանանա նաեւ հաջորդ տարի՝ Ավստրալիայում, Չինաստանում եւ Հնդկաստանում շաքարեղեգի արտադրության ընդլյանման ծրագրերի հաշվին: