Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի եւ «Ավստրիական ավիաուղիներ» ԲԸ Հայաստանի մասնաճյուղի միջեւ դեկտեմբերի 6-ին փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել:
Հուշագիրը ստորագրել են ՀԱՄՀ գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը եւ «Ավստրիական ավիաուղիների» Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Լուկաս Նեգեդլին՝ ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանի ներկայությամբ:
ՀԱՄՀ հանրային կապերի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ զբոսաշրջությանը նպաստելու նպատակով համաձայնություն է ձեռք բերվել այն մասին, որ «Ավստրիական ավիաուղիները» տրամադրելու է երկկողմանի ուղեւորության տոմսի հատուկ սակագին Հայաստանի զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներին, ովքեր մասնակցում են ՀԱՄՀ կողմից կազմակերպված միջազգային զբոսաշրջային միջոցառումներին:
Ըստ այդմ՝ տոմսերի սակագինը Եվրոպա ուղղության համար սահմանվելու է՝ սկսած 99 եվրոյին համարժեք դրամ, Պեկին եւ Տոկիո ուղղությունների համար՝ սկսած 399 եվրոյին համարժեք դրամ, իսկ ԱՄՆ ուղղության համար՝ սկսած 299 եվրոյին համարժեք դրամ: Սակագները չեն ներառում օդանավակայանների հարկերը:



























