Ուկրաինայի պատգամավորներին այլեւս չի հաջողվի քվեարկել իրենց գործընկերների փոխարեն. Ուկրաինայի վեցերորդ գումարման Գերագույն ռադան իր վերջին նիստում կաանոնադրական փոփոխություններ է ընդունել, որոնք վերաբերում են էլեկտրոնային համակարգով անհատական քվեարկությանը: «Կողմ» են քվեարկել 338 ժողովրդական պատգամավոր` նվազագույն 226-ի փոխարեն:
Էլեկտրոնային քվեարկության միջոցը նիստերի դահլիճում բացառում է այլ պատգամավորի փոխարեն քվեարկելը: Ընդդիմությունը դա վաղուց էր պահանջում:
Ըստ օրենքի՝ ցանկացած նիստի սկսվելուց առաջ անցկացվում է ժողովրդական պատգամավորների գրանցում՝ ինքնության փաստաթղթի ներկայացման եւ ներկայությունը հաստատող ստորագրության հիման վրա: Ուկրաինայի յուրաքանչյուր ժողովրդական պատգամավորի բաց քվեարկությունը էլեկտրոնային համակարգի օգնությամբ կիրականացվի այնպես, որ անհնար կդառնա ուրիշի փոխարեն քվեարկելը: Քվեարկության արդյունքներն անվանաբար են գրանցվելու:
Պատգամավորներին քվեարկությունից խուսափել չի թույլատրվում:
Նիստի ժամանակ ժողովրդական պատգամավորը չպետք է խոչընդոտի օրակարգի հարցերի քննարկմանը, այդ թվում ամբիոնի արգելափակման ճանապարհով, չխոչընդոտի նիստը նախագահողի աշխատանքը, ինչպես նաեւ այլ ժողովրդական պատգամավորների քվեարկությանը: Սակայն այդ արգելքների խախտումների համար ոչ մի պատժամիջոց չի նախատեսված, նշում է «rbc Ուկրաինան»:




























