Աֆղանստանի հետախուզական ծառայության ղեկավար Ասադուլլա Խալեդը վիրավորվել է մահապարտ ահաբեկչի հարձակման հետեւանքով: Աֆղանստանի ազգային անվտանգության վարչության պաշտոնական աղբյուրները հայտնել են, որ նա՝ մարմնի ներքին մասի վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:

Տեղի լրատվամիջոցների տվյալներով, մահապարտը պայթուցիկ սարքը գործի է դրել մայրաքաղաք Քաբուլի առանձնատներից մեկում, որը պատկանում է հետախուզական ծառայության ղեկավարին: Նա այդ պահին հյուրեր էր ընդունում:

Այլ աղբյուրներ հայտնում են, որ ահաբեկիչը գրոհել է Խալեդի պահակախմբի վրա, որը Քաբուլի Կալա-է Ֆաթուլլա շրջանից ուղեւորվում էր Թայմանիի շրջան, գրում է «Ռոսիյսկայա գազետան»:

Խալեդն այդ պաշտոնում նշանակվել է այս տարվա սեպտեմբերի 15-ին՝ երկրի նախագահի հրամանագրով: Նախկինում նա զբաղեցնում էր Քանդահար նահանգի ղեկավարի պաշտոնը: