Պաշտոնական Ստեփանակերտը ընդհանուր առմամբ դրական է գնահատում ԵԱՀԿ-ում Իռլանդիայի նախագահությունը եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ գործունեությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը` անդրադառնալով ԵԱՀԿ-ում Իռլանդիայի ավարտվող նախագահությանը:

Նրա խոսքով` անցած տարին աչքի չընկավ ճակատագրական որոշումներով եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ճեղքումով: «Սակայն Իռլանդիան փաստորեն արեց հնարավորը` գործընթացը նորմալ հունի մեջ պահելու, հարաբերական հանգստությունը պահպանելու համար»,-նշեց Դավիթ Բաբայանը:  Միաժամանակ նա ընդգծեց, որ Ադրբեջանն իր գործողություններով գործընթացը փակուղի է մտցրել:

Վերադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում Իռլանդիայի դերին, Դավիթ Բաբայանն ասաց, որ ելնելով ԵԱՀԿ կառուցվածքային առանձնահատկություններից, նախագահող երկիրն ավելի շատ տեխնիկական եւ արարողակարգային հարցեր է լուծում, «բայց ոչ քաղաքական»: «Այդ իսկ պատճառով ճեղքումներ չկային եւ չէին էլ կարող լինել»,-ասաց Բաբայանը: