ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆն իր վաշինգթոնյան գրասենյակում հանդիպել է ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի հետ, հաղորդում է «Ասպարեզը»:
Հանդիպման ժամանակ Ադամ Շիֆը եւ Կարեն Միրզոյանը քննարկել են Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները, ինչպես նաեւ ԼՂՀ զարգացման հարցում ԱՄՆ հետագա մասնակցության կարեւորությունը: Որպես պետական եւ արտասահմանյան գործարքների ենթահանձնաժողովի անդամ, Շիֆը ձգտում է Ղարաբաղի հատկացվող հումանիտար օգնության ավելացմանը եւ կարեն Միրզոյանը շնորհակալություն է հայտնել նրան այդ ուղղությամբ աշխատանքներ տանելու համար:
«Հրաշալի էր հանդիպել ԼՂ ԱԳ նախարար Միրզոյանի հետ եւ լսել նրա տեսակետը տնտեսական եւ Ղարաբաղի անվտանգության հարցերի առնչությամբ: Ես նախարարին հայտնեցի իմ ջանքերի մասին՝ 2013 թվականի բյուջեում Ղարաբաղին հատկացվող տնտեսական օգնությունը 2 մլն դոլարից 5 մլն դոլարի հասցնելու վերաբերյալ, որի շուրջ աշխատանքը կավարտվի մոտակա շաբաթներին: Մենք քննարկեցինք նաեւ Ռամիլ Սաֆարովի արտահանձնման եւ ազատ արձակման հարցը, ինչպես նաեւ այդ քայլի ազդեցությունը հակամարտության խաղաղ կարգավորման վրա»,-ասել է Շիֆը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հատկացումների կոմիտեի անդամ Ադամ Շիֆն ամերիկացի օրենսդիրներին կոչ է արել ամբողջությամբ դադարեցնել Ադրբեջանի ռազմական կարիքներին ուղղված ամերիկյան օգնությունը: Շիֆի հայտարարությունը հետեւել է Ադրբեջանի նախագահի կողմից հայ սպային կացնահարած Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու որոշմանը: Ալիեւը ոչ միայն ներում է շնորհել մարդասպանին, այլեւ բարձրացրել է նրա զինվորական կոչումը:





























