Լոնդոնի Նյուհեմ շրջանի իշխանությունները արգելել են հսկայական մզկիթի կառուցումը: Համայնքային խորհուրդը նշել է, որ շինությունը չափից դուրս մեծ կլինի, նախագիծը դուր չի եկել նաեւ ճարտարապետական մտահղացման տեսանկյունից, գրում է The Independent-ը:
2007թ. իսլամական «Ջամահաթ Թաբլիղ» շարժումն առաջարկել էր 10 հազար այցելուի տեղավորող մզկիթ կառուցել, որի չափերը եռակի կգերազանցեին Սուրբ Պողոսի տաճարի չափերը: Ընդ որում, Մեծ Բրիտանիայի խոշորագույն` Լիվերփուլի տաճարն ընդամենը երեք հազար հոգու է տեղավորում: Մզկիթի կողքին նաեւ երկու հազար հոգու համար նախատեսված ճաշարան էին ցանկանում կառուցել, գրադարան եւ մարզասրահ:
Նախագիծը զայրացրել էր տեղի բնակիչներից շատերին, առաջին հերթին` ազգայնական կազմակերպություններին, գրում է lenta.ru-ն:
Ամեն հինգշաբթի արդյունաբերական լքված գոտու տարածքում հազարավոր մահմեդականներ հավաքվում են աղոթելու: Bloomberg-ի տվյալներով, Նյուհեմ շրջանի բնակչության մեկ քառորդը մահմեդականություն է դավանում: Մզկիթի կառուցմանը կողմ է եղել մոտ 25 հազար մարդ, դեմ` երեք հազարը:




























