Եգիպտոսում տեղի ունեցող իրադարձությունները կառավարական զորքերի եւ «Մահմեդական եղբայրների» միջեւ ներքաղաքական պայքարի արդյունք են եւ ներկայումս նրանք հարաբերություններ են պարզում: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց արաբագետ Հայկ Քոչարյանը՝ կանխատեսելով, որ Եգիպտոսում իրադարձությունները դեռ կզարգանան:

Նրա խոսքով, երբ Եգիպտոսի նախագահ ընտրվեց Մուհամեդ Մուրսին, ով հայտնի է իր չափավոր իսլամիստական հայացքներով, բանակը ոչնչով չխոչընդոտեց դրան: «Հիմա աշխարհն ականատես է լինում, թե ինչպես իշխանության եկած «Մահմեդական եղբայրների թեւը փորձում է իր իշխանությունը հաստատել երկրում, ցույց տալով, որ իրենք են իրադրության տերը: Կողմերից յուրաքանչյուրը փորձում է իր մկանները ցույց տալ, փողոց դուրս եկած ժողովրդի աջակցությամբ: Ժողովուրդն ում կողմն անցնի, հենց այդ կողմն էլ կհաղթի»,-ընդգծեց արաբագետը:

Նա նշեց, որ Եգիպտոսում տեղի ունեցող դեպքերը շուտ չեն ավարտվի: Միաժամանակ, Հ. Քոչարյանը համարում է, որ կա հավանականություն, որ կառավարական բանակը եւ «Մահմեդական եղբայրները» կփորձեն փոխզիջման հասնել եւ չբացառեց նոր նախագահական ընտրություններ անցկացնելու հնարավորությունը: Միաժամանակ, արաբագետն արձանագրեց, որ ժողովուրդը հիասթափվել է ինչպես «Մահմեդական եղբայրներից», այնպես էլ՝ կառավարությունից:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ընդդիմադիրները մեղադրում են նախագահ  Մուրսիին՝ խոստումները չկատարելու մեջ: Նա խոստացել էր սահմանադրական փոփոխությունների հանրաքվե չանցկացնել առանց ժողովրդի աջակցությունն ստանալու: «Ազգային փրկության ճակատը դատապարտում է նախագահին՝ անօրինական Սահմանադրության հարցով հանրաքվե անցկացնելու մասին նախագահի անպատասխանատու հրամանագիր ստորագրելու համար, որը մերժում է եգիպտացի ժողովրդի մեծ մասը»,-ասված է ընդդիմադիր ուժերի համատեղ հայտարարությունում:

Մուրսին արտահերթ հանրաքվեն նշանակել է դեկտեմբերի 15-ին: