Թեհրանը չի հանդարտվում, քաղաքի փողոցներում շարունակվում են ցույցերը երկրի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի կառավարության դեմ: Այս մասին հաղորդում է իսպանական «Էլ պաիս» թերթը: Ըստ այդմ, բախումներ են տեղի ունեցել իշխանության ներկայացուցիչների եւ հարյուրավոր ցուցարարների միջեւ, որոնք իրենց աջակցությունն են հայտնել ընդդիմադիր ուժերի առաջնորդ Միր Հուսեին Մուսավիին:

Բախումներից հետո, ոստիկանությունը ձերբակալել է բոլորին, ովքեր ձեռքներին ունեցել են պաստառներ «Ահմադինեջադին` իմպիչմենտ», «Մահ դիկտատորներին» գրառումներով: Խոսքը գնում է տասնյակ ձերբակալվածների մասին:

Նշենք, որ ցույցը կազմակերպվել էր ի հիշատակ Նեդա Աղա Սոլթանի, ով սպանվել էր մեկ ամիս առաջ Իրանում նախագահական ընտրությունների դեմ բողոքի գործողությունների ժամանակ: Այդ օրվանից Նեդան Ահմադինեջադի ուլտրապահպանողական իշխանության դեմ պայքարի խորհրդանիշ է դարձել:

Հիշեցնենք, որ Մուսավին, ինչպես նաեւ նախկին նախագահներ Մուհամադ Խաթամին ու Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին օրերս պահանջել են ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին: Նրանք դիմել են երկրի հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեին, նշելով, որ ժողովուրդը կորցրել է հավատը երկրում գերիշխող համակարգի հանդեպ: Դրանից զատ, Խաթամին առաջարկել է համաժողովրդական հանրաքվե անցկացնել: Խամենեին, իր հերթին սպառնացել է ծանր հետեւանքներով այն մարդկանց, ովքեր հետեւում են երկրում իշխանության քայքայման տանողԱրեւտուտքի քաղաքականությանը: