ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները ԼՂ հակամարտության կողմերին կոչ են արել քաղաքական կամք դրսեւորել, որն անհրաժեշտ է խաղաղ կարգավորման հասնելու համար:

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը եւ Ֆրանսիայի եվրոպական հարցերով նախարար-պատվիրակ Բեռնար Կազնեւը, Դուբլինում, ԵԱՀԿ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիտի շրջանակներում հանդես են եկել հայտարարությամբ:

«Ինչպես 2012 թվականի հունիսի 18-ին Լոս Կաբոսում հայտարարել են մեր նախագահները, կողմերը պետք է առաջնորդվեն Հելսինկյան սկզբունքներով, մասնավորավորապես, որոնք վերաբերում են ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառմանը, տարածքային ամբողջականությանը, ժողովուրդների իրավահավասարությանն ու ինքնորոշմանը, ինչպես նաեւ 2009-ին Ակվիլայում եւ 2010-ին Մուսկոկայում մեր երկրների հայտարարություններում ներառված տարրերին: Վկայակոչելով 2011 թվականին Դովիլում մեր նախագահների հայտարարությունը, մենք կրկին կոչ ենք անում կողմերին վճռական քայլեր ձեռնարկել խաղաղ կարգավորման հասնելու համար»,-ասված է հայտարարության մեջ:

Պատվիրակությունների ղեկավարներն իրենց հայտարարությունում ափսոսանք են հայտնում, որ խաղաղ կարգավորման հարցում արագ առաջընթացի հասնելու սպասումները, որոնք ներառվել էին Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների Սոչիում արված համատեղ հայտարարության մեջ, չարդարացան:

«Փոխարենը, կողմերը շատ հաճախ միակողմանի առավելություններ են փնտրում բանակցային գործընթացում, չձգտելով համաձայնության հասնել, որը հիմնված կլինի փոխըմբռնման վրա:

Ընդունելով փաստը, որ վերջին ամիսներին շփման գծում միջադեպերի թիվը նվազել է, մենք կողմերին հիշեցնում ենք 1994 թվականի հրադադարի ռեժիմը պահպանելու անհրաժեշտության, ինչպես նաեւ այն մասին, որ ռազմական ուժի կիրառումը չի լուծի խնդիրը:

Մենք կողմերին կոչ ենք անում ձեռնպահ մնալ գործողություններից ու հայտարարություններից, որոնք նպաստում են բնակչության շրջանում ատելության զգացումի զարգացմանը եւ վերջին ամիսներին լարվածության աղբյուր են:

Կողմերի առաջնորդները պետք է իրենց երկրների բնակչությանը նախապատրաստեն, որ իրենք կրկին պետք է ապրեն որպես հարեւաններ, ոչ թե՝ թշնամիներ եւ ամբողջությամբ հարգեն միմյանց մշակույթը, պատմությունը եւ ավանդույթները:

Մենք կողմերին կոչ ենք անում ավելի շատ ջանք ցուցաբերել խաղաղ գործընթացում եւ աշխատել համանախագահների հետ՝ մանրամասն քննարկելով գաղափարները, որոնք նրանք հնչեցրել են նոյեմբերին տարածաշրջան այցելության ժամանակ:

Մենք ողջունում ենք 2013 թվականի սկզբին համանախագահների հետ համատեղ հանդիպում կազմակերպելու Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների պատրաստակամությունը, որպեսզի շարունակվեն քննարկումները: Մեր երկրները, նախկինի պես պատրաստ են անել մեզնից կախված ամեն բան, որպեսզի օգնեն կողմերին, սակայն ԼՂ հակամարտությանը վերջ դնելու պատասխանատվությունը մնում է նրանց վրա»,-նշվում է հայտարարության մեջ: