Արեւելյան Եվրոպայի եւ Միջին Ասիայի երկրներում ընդդիմադիր տրամադրությունների ճնշումը կարող է հանգեցնել այդ պետությունների «խորհրդայնացմանը»: Այսօր Դուբլինում մարդու իրավունքներին նվիրված կոնֆերանսում նման կարծիք է հայտնել ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:

Associated Press-ը հայտնում է, որ, պետքարտուղարի խոսքով, «խորհրդայնացման» գործընթացը կարող է ներկայացվել  «Մաքսային Միություն»  կամ «Եվրասիական Միություն» անվանումներով:  «Չի կարելի սխալվել: Մենք գիտենք` նպատակը որն է եւ փորձում ենք գործընթացը դանդաղեցնելու կամ կանխարգելելու արդյունավետ միջոց գտնել», - Քլինթոնի խոսքերն  է մեջբերում rbc-ն:

ԱՄՆ-ի պետքարտուղարը նաեւ քննադատել է Ռուսաստանում, Բելառուսում, Թուրքմենստանում եւ մի շարք այլ երկրներում «բռնության նոր ալիքը»:

«Քաղաքացիական հասարակության տարածքը եւ մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների իրավունքը կրճատվում է, իշխանություններն առավել ագրեսիվ են դառնում` փորձելով ճնշել բողոքը, կանխել խոսքի եւ կարծիքների փոխանակման ազատությունը », - կարծում է Հ. Քլինթոնը: