Հայաստանի սփյուռքի նախարարությունը դեկտեմբերի 6-ին հերթական  հանդիպում-խորհրդակցությունն էր կազմակերպել սիրիահայ եւ հայաստանյան գործարարների, հասարակական ու  պետական կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ: Սիրիահայ գործարարները հետաքրքրություն են հանդես բերել թեթեւ արդյունաբերության ոլորտում ներդրումներ ու գործունեություն ծավալելու ուղղությամբ:

Սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե հայաստանյան թեթեւ արդյունաբերության ոլորտը ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի արդյունաբերության  քաղաքականության վարչության պետ Հայկ Միրզոյանը: Նա տեղեկացրեց, որ մեր երկրում նշված ոլորտն ունի կայացած ավանդույթներ եւ զարգացման հեռանկարներ: Ներկայումս Հայաստանի Հանրապետության  արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության  ռազմավարությունում զգալի տեղ է հատկացվում ոլորտի բարեփոխումներին ու հեռանկարներին: Հ. Միրզոյանի խոսքով՝  պետություն-մասնավոր հատված համագործակցության արդյունքում բարեփոխվում է օրենսդրությունը, նոր միջազգային պայմանագրերի արդյունքում համագործակցության հնարավորություններ են ստեղծվում  հայաստանյան արտադրողի եւ հեղինակավոր բրենդային ընկերությունների միջեւ:

Խորհրդակցությանը ներկա «WKF Արմենիա» ընկերության հիմնադիր Քրիստիան Գելնջին, ով  վերջին 5 տարիներին մշտական բնակություն է հաստատել Հայաստանում, կարծիք հայտնեց, որ այստեղ գործ դնելը հեշտ է, պարզապես պետք է իրավական տեսանկյունից լուրջ մոտենալ խնդրին. «Հայաստանյան գործարար միջավայրը նման չէ սիրիականին, սակայն կարող եմ ասել, որ մեր համակարգն իրավական տեսանկյունից ավելի մոտ է եվրոպականին»: Նա ներկաներին պատմեց իր բիզնեսի պատմությունը, մասնավորեցնելով, որ առաջին անգամ  1992-ին է փորձ արել հայկական միջավարում գործունեություն ծավալել, սակայն  ձախողել է՝ չկայացած իրավական ու օրենսդրական համակարգի, անվստահելի գործընկերներին լսելու պատճառով: Մինչդեռ 2007-ին փորձը հաջող ընթացք ունեցավ: Ներկայումս նրա գործարաններն աշխատում են Հայաստանի 3  մարզերում՝ 700 հոգու աշխատանք ապահովելով, նորանոր միջազգային շուկաներ գրավելով ու հայկական բրենդն աստիճանաբար ճանաչելի դարձնելով:

Հանդիպմանը մասնակից գործարարները սիրիահայերին ներկայացրին իրենց գործունեությունը, ունեցած ձեռքբերումները, հայաստանյան թեթեւ արդյունաբերության ոլորտի առանձնահատկությունները:

Հայ արտադրողները ներկայացրեցին իրենց բիզնեսի զարգացմանը  խանգարող իրավական օրենսդրական թերությունները, սակայն նշեցին, որ աստիճանաբար կանոնակարգվում է իրավական ոլորտը,  իրենց ձեռնարկատիրությանը նպաստող փոփոխություններ են նկատվում: Հայ գործարարները  կոչ արեցին  միանալ ու ներդրումներ անել  բիզնեսի այս ոլորտում՝ ֆինանսներից բացի ներմուծել նաեւ սիրիական բիզնես-մշակույթ եւ հմտություններ: