Բողոքների առումով համաշխարհային ռեկորդակիր, ամերիկացի Ռալֆ Չերելը նոր դատաքննություն է նախաձեռնել: Այս անգամ նա մեղադրանք է առաջադրել իր նախկին սիրելիի՝ 83-ամյա Ավրիլ Բրենիգի դեմ, ով վռնդել է իրեն իր բնակարանից:

Գործի նյութերի համաձայն, նրանք ծանոթացել են ինտերնետի միջոցով եւ շուտով սիրեկաններ են դարձել: Հայցվորը պնդում է, որ ընկերուհին համոզել է իրեն տեղափոխվել իր Մանհեթենի շրջանում գտնվող երեք ննջարան ունեցող բնակարան եւ վստահեցրել, որ ինքը կարող է մինչեւ կյանքի վերջն ապրել այդ բնակարանի սենյակներից մեկում, եթե նույնիսկ իրենց հարաբերությունները խզվեն: Սակայն մեկ ամսից էլ պակաս ժամանակ անց կինն իրեն դուրս է վռնդել: Հայցում նշվում է, որ հյուրանոցում, որտեղ ինքը տեղափոխվել է, «քիչ է մնացել կաթված ստանա»:

Իսկ ահա Ավրիլ Բրենիգը նշում է, որ Չարելի հետ պարզապես անհնար  ապրել: Նրա խոսքով, Չարելն ամեն առիթով ափերից դուրս է գալիս, անընդհատ վիճում է մարդկանց հետ ու սկանդալներ սարքում:

Դատական փաստաթղթերում, սակայն, այդ մասին ոչինչ չկա: Հայցվորը փորձում է ապացուցել, որ նախկին ընկերուհին իրեն վռնդել է իր քմահաճույքից ելնելով: Սկզբում Ավրիլին դուր չի եկել, որ Չարելը բնակարան է բերել իր իրերը, որոնք շատ են եղել, սակայն նա չի հանգստացել, երբ տղամարդն ազատվել է այդ իրերի մի մասից՝ այդ թվում կահույք, գրքեր ու նկարներ:

Բրենիգն, իբր, հայտարարել է, որ դա խախտում է իր բնակարանի տեսքը եւ վռնդել է Չարելին, հաղորդում է NEWSru.com-ը:

Նյու յորքի բնակիչները հետաքրքրությամբ հետեւում են դատավարությանը, քանի որ Ռալֆ Չարելը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում, որպես «աշխարհում դատավարությունների ամենահաջող մասնակից»:

Նա տասնյակ գրքեր է գրել, որտեղ խորհուրդներ է տալիս, թե ինչպես կարելի է դատարաններում փոքր հայցերով 1000 դոլար շահել կամ «ինչպես հասնել նրան, որ ամեն բան ձեր ուզածով լինի»: