Եգիպտոսի բանակը սկսել է ցրել Կահիրեում նախագահի պալատի մոտ հավաքված երկրի նախագահ Մուհամեդ Մուրսիի հակառակորդներին ու կողմնակիցներին, հաղորդում է BBC-ն:
Ավելի վաղ Մուրսիի եւ զինվորականների մասնակցությամբ տեղի ունեցած խորհրդակցությունում որոշվել է արգելել նախագահական պալատի մոտ հանրահավաքները, որտեղ նախօրեին զանգվածային անկարգություններ էին տեղի ունեցել: Ավելի վաղ Եգիպտոսի զինված ուժերը նախագահի նստավայրի մոտ տանկեր ու զրահատեխնիկա էին բերել:
Թեեւ բանակի ներկայացուցիչները հրահանգել են լքել նախագահի նստավայրի մոտ գտնվող հրապարակը, սակայն ընդդիմության կողմնակիցները խոստացել են այսօր՝ դեկտեմբերի 6-ի երեկոյան բողոքի մի քանի երթեր անցկացնել, հաղորդում է Lenta.ru-ն:
Զինվորականները փշալարեր են օգտագործել, որպեսզի անվտանգության գոտի ստեղծեն նախագահական պալատի շուրջը: Փշալարերից կազմված շղթան գտնվում է նախագահի նստավայրից 150 մետր հեռավորության վրա:





























