Արդիական է Կահիրեի փողոցներ դուրս եկած զանգվածների համար առաջնորդ գտնելու խնդիրը: Թեեւ 2011-ի փետրվարին եգիպտոսյան հեղափոխության հիմնասյունը հենց այդ մարդիկ էին, խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների արդյունքում նրանց չի հաջողվել իրենց ներկայացուցիչներին ունենալ իշխանության մեջ եւ այս պահին պայքարն ընթանում է հենց իշխանության մեջ տեղ ունենալու համար: Այս մասին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դասախոս, արաբագետ Արայիկ Հարությունյանը:

Նրա խոսքով, հեղափոխությունից հետո, փողոց ելած զանգվածները չկարողացան ստեղծել քաղաքական կամ հասարակական միավորում, որպեսզի ընտրություններում առաջ քաշեն իրենց թեկնածուներին: «Ներկայումս, բարձրացրել է նոր փոփոխությունների, ընդհուպ մինչեւ խորհրդարանական եւ նախագահական նոր ընտրություններ անցկացնելու հարցը, սակայն ներկա պահին նրանք չունեն առաջնորդ, հետեւաբար, Եգիպտոսում տեղի ունեցող իրադարձությունները շուտ չեն ավարտվի»,-ընդգծեց նա:

Արաբագետը նշեց նաեւ, որ Եգիպտոսի ներքաղաքական կյանքը դեռ երկար ժամանակ կխռովեն ժողովրդական զանգվածները:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ընդդիմադիրները մեղադրում են նախագահ  Մուրսիին՝ խոստումները չկատարելու մեջ: Նա խոստացել էր սահմանադրական փոփոխությունների հանրաքվե չանցկացնել առանց ժողովրդի աջակցությունն ստանալու: «Ազգային փրկության ճակատը դատապարտում է նախագահին՝ անօրինական Սահմանադրության հարցով հանրաքվե անցկացնելու մասին նախագահի անպատասխանատու հրամանագիր ստորագրելու համար, որը մերժում է եգիպտացի ժողովրդի մեծ մասը»,-ասված է ընդդիմադիր ուժերի համատեղ հայտարարությունում:

Մուրսին արտահերթ հանրաքվեն նշանակել է դեկտեմբերի 15-ին: