Կոպենհագենի թագավորական գրադարանը լուրջ քննադատության է ենթարկվել այն բանից հետո, երբ համաձայնել է  Թուրքիային թույլ տալ կազմակերպել Հայոց ցեղասպանության վերաբերյալ այլընտրանքային ցուցահանդես, գրում է «The Copenhagen Post»-ը:

Գրադարանն արձագանքել է Դանիայում Թուրքիայի դեսպանի` ներկայումս Կոպենհագենի համալսարանում ընթացող  «Հայոց ցեասպանությունն ու սկանդինավյան արձագանքը» խորագրով ցուցահանդեսին մասնակցելու ցանկությանը:

Թուրքիայի դեսպանատունը ներկայացրել է պատմական իրադարձությունների  թուրքական մեկնաբանությունը, ինչն առաջ է բերել որոշ շրջանակների քննադատությունը, այդ թվում` քաղաքական գործիչների, պատմաբանների եւ Կոպենհագենում Հայաստանի դեսպանության:

«Դա նշանակում է ենթարկվել թուրքական ճնշմանը, այդպես չի կարելի: Չհամեմատելով այդ երկու իրադարձությունները, կնշեմ, որ դա նույն է, ինչ նեոնացիստներին խնդրել Հոլոքոստի մասին ցուցահանդես կազմակերպել»,-ասել է Դանիայի ժողովրդական կուսակցության ներկայացուցիչ Սերեն Էսփերսենը:

Պատմաբան եւ Հայոց ցեղասպանության հարցով դանիացի փորձագետ Մաթիաս Բիորնլունը տարակուսանք է հայտնել Թագավորական գրադարանի որոշման կապակցությամբ: «Եթե հավատում ես, որ պատմության բոլոր տարբերակները ճիշտ են, կասկածի տակ ես դնում քո դերը` որպես գիտահետազոտական հաստատության: Դա եղել է ցեղասպանություն, եւ այդ պատմության մյուս բոլոր մեկնաբանությունները ճիշտ չեն»,-հայտարարել է նա:

Դանիայում Հայաստանի դեսպան Հրաչյա Աղաջանյանն իր հիասթափությունն է հայտնել  որոշման առնչությամբ. «Հուսով եմ, թագավորական գրադարանը կվերանայի իր որոշումը  եւ չի տրվի թուրքական հնրավոր ճնշմանը»,-ասել է նա:

Սակայն գրադարանի տնօրեն Էրլան Քոլինգ Նիելսենը ժխտում է, որ հաստատությունը ճնշման է ենթարկվել թուրքական կողմից: «Մեզ վրա չեն կարող ճնշում գործադրել, մենք պարզապես նրանց հնարավորություն ենք տվել իրենց այլընտանքային ցուցահանդեսի համար»,-ասել է նա:

Հայտնի չէ, թե երբ կմեկնարկի ցուցահանդեսի թուրքական տարբերակը, սակայն Թուրքիայի դեսպանատունը հայտարարել է, որ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում: