Սիրիայի Հալեպ քաղաքի Նոր գյուղ թաղամասում, դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած երեք պայթյունների հետեւանքով երկու հայ է վիրավորվել, որոնց առողջական վիճակը, սակայն, անհանգստացնող չէ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Հայ առաքելական եկեղեցու Բերիո թեմի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեիսյանը, հավելելով, որ պայթյունների արդյունքում վնասվել են հայերի պատկանող մի քանի շենքեր:
Ռեիսյանի խոսքով, իրավիճակը Հալեպում այնքան էլ չի փոխվել, սակայն դժվարություններ են ի հայտ եկել. «Երեկվանից Հալեպում էլեկտրականություն չկա, իսկ հեռախոսային կապն էլ ընդհատումներով է աշխատում, չկա ինտերնետ: Լուրջ խնդիր է շենքերի ջեռուցումը, վառելիքի եւ էլեկտրաէներգիայի բացակայության հետեւանքով չեն աշխատում հացի փուռերը»:
Միաժամանակ, Ռեիսյանը չի բացառել, որ էլեկտրաէներգիայի անջատումը կապված է Հալեպի էլեկտրակայանի վրա հարձակման հետ:
Նշենք, որ Սիրիայի պետական ՍԱՆԱ գործակալության փոխանցմամբ, Հալեպում ընդդիմադիր զինյալները հարձակվել են էլեկտրակայանի վրա:



























