Դեկտեմբերի 6-ին ԱՄՆ-ի Կոնգրեսի Վերին պալատն ընդունել է «Մագնիտսկու օրենքը՝ Ջեքսոն-Վենիկի  փոփոխություների վերացմամբ: Օրինագծի ընդունված տարբերակը վիզային եւ ֆինանսական պատժամիջոցներ է նախատեսում ռուս այն պաշտոնյաների համար, որոնք, ըստ Վաշինգտոնի, մասնակցել են իրավաբան Սերգեյ Մագնիտսկու մահվանը եւ մարդու իրավունքների այլ խախտումների։

Օրինագիծն աջակցել է 90 սենատոր, եւ միայն չորսն են «դեմ» քվեարկել: Այժմ օրինագիծը ստորագրվելու համար ներկայացվելու է ԱՄՆ-ի նախագահին: 

Ռուսաստանի ԱԳՆ-ն ամերիկյան Սենատի որոշումն աբսուրդ է որակել, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ամերիկացիներին համարժեք պատասխան է խոստացել: Ռուսաստանը կարգելի ԱՄՆ-ից մարդու իրավունքների խախտողների մուտքը: «Դուբլինում Հիլարի Քլինթոնի հետ հանդիպմանը ես հաստատել եմ, որ մենք կփակենք մուտքն այն ամերիկացիների համար, ովքեր իսկապես մեղավոր են մարդու իրավունքների խախտման հարցում», - ասել է նա լրագրողներին, հայտնում է rbc-ն:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ողջունել է Կոնգրեսի վերացրած Ջեքսոն-Վենիկի  փոփոխություների վերացումը եւ «Մագնիտսկու օրինագծի» միաժամանակյա ընդունումը: Սպիտակ տունը «կշարունակի Կոնգրեսի հետ համատեղ աշխատել Ռուսաստանում ժողովրդավարական ապագայի ապահովման , օրենքի գերակայության եւ աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության համար», - ասված է ամերիկյան առաջնորդի պաշտոնական հայտարարության մեջ: