Վրաստանի ներքին գործերի նախարարությունը նախկին վարչապետ Իվանե Մերաբիշվիլիի՝ սահմանը կեղծ փաստաթղթերով հատելու փորձի գործի հետաքննման շրջանակում հայտնաբերել է  ոմն Գոչա Ծերեթելիի անվամբ, բայց ՆԳՆ նախկին փոխնախարար Գեորգի Լորտկիպանիձեի նկարով կեղծ անձնագիր:

Գեորգի Լորտկիպանիձեն հարցաքննության ընթացքում հաստատել է, որ անձնագիրն իրոք որոշ ժամանակ իր տրամադրության տակ է եղել, նաեւ հայտնել է, որ համանման փաստաթղթեր կարող են ունենալ նաեւ ՆԳՆ մյուս աշխատակիցները, ասված է Վրաստանի ՆԳՆ հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, նոյեմբերի 30-ին Թբիլիսիի միջազգային օդանավակայանում Երեւան թռիչքից առաջ անձնագրային վերահսկողության ծառայության աշխատակիցները վրացական պատվիրակությանը ստուգելիս Մերաբիշվիլիի նկարով, բայց Լեւան Մայսուրաձեի անունով անձնագիր էին հայտնաբերել: Պետական այցը չխափանելու համար  Մերաբիշվիլիին թույլ էին տվել իսկական անձնագիր ներկայացնել եւ դրանով մեկնել:

Դեկտեմբերի 1-ին Մերաբիշվիլիին իբրեւ վկա հարցաքննել էին: Երկու ժամ տեւած հարցաքննությունից հետո բաց էին թողել, սակայն հետո ՆԳՆ-ն նրան «արդարադատությանը գիտակցաբար խոչընդոտելու համար» կեղծ ցուցմունք տալու մեղադրանք էր առաջադրել: