Ռումինիայի Բրաշով քաղաքի հին եկեղեցում ապոկալիպսիսի հաստատումն են գտել: XVIII դարում արված 14 որմնանկարներում պատկերված են այն նույն տեսարանները, որոնք այժմ տեսնում ենք աշխարհի վերջի մասին պատմող փաստագրական ֆիլմերում:
Դատաստանի օրվա տեսարաններով որմնանկարները գտնվել են 1495թ. կառուցված Սուրբ Նիկոլայի ուղղափառ եկեղեցու ժամատանը: Նախքան աշխարհի վերջի մասին խոսակցությունները, «Աշխարհի անիվը» անվանմամբ որմնանկարի տեսարաններն անհասկանալի էին գիտնականների համար, հայտնում է «Ռոսբալտը»:
Որմնանկարում պատկերված է Արեգակի շուրջ Երկրի պտույտը, որտեղ Արեգակը, որի կենտրոնում մասոնների հայտնի խորհրդանիշը հիշեցնող «ամենատես աչքն» է, մահաբեր ճառագայթներ է ուղարկում դեպի Երկիր:
Մի քանի սրբեր փորձում են Երկիրը մի կողմ հրել, ինչը ասոցացվում է Երկրի մագնիսական բեւեռների փոփոխության հետ:
Ամենաուշ նկարված որմնանկարը 1737թ. է արվել՝ Գեորգի Հրանիտի եւ նրա եղբայր Գրիգորիի կողմից, ինչի մասին վկայում են ստորագրությունները:
Գիտնականների ուշադրությունը գրավել է այն հանգամանքը, որ որմնանկարներն անելու տարիներին Գալիլեո Գալիլեյի տեսությունը, ըստ որի մոլորակները պտտվում են Արեգակի շուրջը, եկեղեցին չէր ընդունում: Իսկ արեգակնային բռնկումների եւ մագնիսական բեւեռների տեղաշարժի մասին ընդհանրապես խոսք չկար:





























