Դեկտեմբերի 6-ին Դուբլինում մեկնարկեց Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի 19-րդ նստաշրջանը, որին մասնակցում է Հայաստանի պատվիրակությունը` ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե նստաշրջանին մասնակցում են ԵԱՀԿ անդամ 57 երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ, ինչպես նաեւ շուրջ երկու տասնյակ միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ:

Դուբլինում Էդվարդ Նալբանդյանի առաջին հանդիպումը կայացավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեի, Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ։

Հանդիպմանը քննարկվեցին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացին առնչվող հարցեր։ Եռանախագահների առաջարկով պայմանավորվածություն ձեռք բերվեց հաջորդ տարվա սկզբին Հայաստանի եւ Արդրբեջանի արտգործնախարարների հանդիպում կազմակերպելու վերաբերյալ։ Առայժմ հայտնի չէ հանդիպման կայանալու վայրը: