Վրաստանի ներքին գործերի նախկին նախարար եւ վարչապետ Իվանե (Վանո) Մերաբիշվիլիին կրկին կեղծ անձնագրի գործով հարցաքննության են կանչել: Այժմ «Միասնական ազգային շարժում» կուսակցության գլխավոր քարտուղարի պաշտոնն զբաղեցնող Մերաբիշվիլին դատախազություն է ներկայանալու կեսօրին, գրում է Նովոստի Գռուզիան»:
Հիշեցնենք, նոյեմբերի 30-ին Թբիլիսիի միջազգային օդանավակայանում Երեւան թռիչքից առաջ անձնագրային վերահսկողության ծառայության աշխատակիցները վրացական պատվիրակությանը ստուգելիս Մերաբիշվիլիի նկարով, բայց Լեւան Մայսուրաձեի անունով անձնագիր էին հայտնաբերել: Պետական այցը չխափանելու համար Մերաբիշվիլիին թույլ էին տվել իսկական անձնագիր ներկայացնել եւ դրանով մեկնել:
Դեկտեմբերի 1-ին Մերաբիշվիլիին իբրեւ վկա հարցաքննել էին: Երկու ժամ տեւած հարցաքննությունից հետո բաց էին թողել, սակայն հետո ՆԳՆ-ն նրան «արդարադատությանը գիտակցաբար խոչընդոտելու համար» կեղծ ցուցմունք տալու մեղադրանք էր առաջադրել:
Քննության վերջին տվյալներով՝ Մերաբիշվիլիի երկու անձնագրի մասին լուրը հաստատել է նրա թիկնապահ Վանո Տուգուշին: Ըստ նրա՝ «ինքն անձամբ է Վանո Մերաբիշվիլիին փոխանցել երկու անձնագրերը»:




























